National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.02.2007
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է «Ակօս» շաբաթաթերի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի նենգ  սպանությունը եւ այդ հանցագործությունը գնահատում է որպես խոսքի ազատության, մարդու իրավունքների եւ հայկական փոքրամասնության ներկայացուցչի դեմ կատարված ոճրագործություն:

Արտահայտելով իր վրդովմունքը, ՀՀ Ազգային ժողովն արձանագրում է, որ Թուրքիայի ազգայնամոլական շրջանակների կողմից ծրագրված անմարդկային այդ ոճիրը խոր արմատներ է գցել հայատյացության, հակահայկական քարոզչության տարածման հետեւանքով: Թուրքիայի իշխանությունների մակարդակով սեփական պատմության ուրացման, 1915 թվականի Հայոց ցեղասպանության հերքման ուղղությամբ տարվող լայնածավալ քարոզչության, ինչպես նաեւ հարցի արծարծման համար բազմաթիվ մտավորականների նկատմամբ քրեական հետապնդումների սանձազերծումը ազգայնական շրջանակների ուղեղում ծնեց նման ոճրագործ արարքով ազատության ձայնը լռեցնելու ցանկություն:

Միաժամանակ` մեր մտահոգությունն ենք արտահայտում այս վայրագ հանցագործության առնչությամբ Թուրքիայում նկատվող վերջին դրսեւորումների վերաբերյալ: Դինքի սպանությունից հետո հասարակական ընդվզմանն այսօր արդեն սկսում է փոխարինել հակառակ միտումը` նորից գլուխ է բարձրացնում թուրք ազգայնամոլությունը, այլատյացությունը, հանցագործի հերոսացումը եւ որպես հետեւանք նոր թափ են ստանում սպառնալիքները ինչպես Հրանտ Դինքի խմբագրած թերթի, ազատ մտածողություն ունեցող անձանց, այնպես էլ հայ հավաքականության հասցեին:

Մտահոգիչ են եւ խորքային քննության առիթ են տալիս այն բացահայտումները, ըստ որոնց, իրավապահները նախապես տեղյակ են եղել եւ չեն փորձել կանխել կազմակերպվող մահափորձը: Այսօր կենսական պահանջ է դառնում հանցագործության ամբողջական, այդ թվում պատվիրատուների, բացահայտման անհրաժեշտությունը:

Ազգային ժողովն արձանագրում է. այս սպանությունը եւս մեկ անգամ փաստեց այն իրողությունը, որ երկու ժողովուրդների փոխվստահության մթնոլորտի ստեղծման համար հրատապ է դառնում Թուրքիայի իշխանությունների կողմից սեփական պատմության հետ հաշտվելու եւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու, ինչպես նաեւ ազատ խոսքը ոտնահարող եւ նմանատիպ դրսեւորումները հնարավոր դարձնող Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը վերացնելու միջազգային հանրության պահանջի կատարումը:

ՀՀ ԱԺ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՄԲԵՐ`

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ» ԽՈՒՄԲ

«ԳՈՐԾԱՐԱՐ» ԽՈՒՄԲ

ԵՐԵՎԱՆ, 8.02.2007 .




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am